Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յուկո Սարվիի գլխավորած պատվիրակությանը:

 





Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է հաջող և արդյունավետ համագործակցություն. ներկայումս նախանշվում են մեծ կարևորություն ունեցող նոր ծրագրեր: Նախարարը նշել է, որ բարեփոխումների արդյունքում ՀՀ կրթության ոլորտն իր կառուցվածքով ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին. ներկայումս ոլորտը թևակոխել է կառուցվածքը բովանդակությամբ համալրելու կարևոր փուլ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Յուկո Սարվին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության ոլորտը: Յուկո Սարվիի խոսքով` Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու նպատակով բանկի տեխնիկական աջակցության խորհրդատուի ջանքերով հրապարակվել է «Կենտրոնական և Արևմտյան Ասիայում աշխատելու համար անհրաժեշտ կրթությունն ու հմտությունները. Հայաստանում մանկավարժական կրթության բարեփոխումները» հաշվետվությունը, որում ներառվել են նաև ԿԳ նախարարության մեկնաբանությունները: Նախարարը բարձր է գնահատել վերոնշյալ հաշվետվությունը` ընդգծելով, որ բավականին որակյալ և պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել: Ըստ Լևոն Մկրտչյանի` մանկավարժական կրթության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ, հետևաբար հաշվետվության առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի նախարարության համար: Ըստ նախարարի` ներկայումս Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համատեքստում անհրաժեշտություն կա հետագա աշխատանքների գործնականացման և հստակ գործողությունների պլանի մշակման: Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտն աջակցության կարիք ունի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման, մանկավարժական կրթության, ուսումնական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, աշխատաշուկայում մասնագիտությունների նկարագրության, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման և բնագիտական հոսքի բարեփոխման ուղղություններով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, բարեփոխումներ շրջանակում միջազգային փորձագետների ներգրավման, բուհական ոլորտի խոշորացման, ուսանողների շարժունության, դպրոցական դասագրքրերի վերափոխման և այլ հարցերի:

 

 

24.02.17 | քաղաքականություն | աստղերը քաղաքականություն