Նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է EUWI+ Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարին

 








  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+)  Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վահագն Խաչատրյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր քննարկել մեկնարկող EUWI+ ծրագրի բաղադրիչները: 

 

   Ողջունելով հյուրին և կարևորելով առաքելությունը, որով վերջինս ժամանել է Հայաստան ` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարությունը ձգտում է ջրային ոլորտի կառավարման բնագավառում հասնել լավագույն արդյունքների և այդ առումով կարևորել է դրան ուղղված Եվրամիության աջակցության ծրագիրը: Բնապահպանության նախարարը մեկնարկող ծրագիրը դիտարկել է նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում, որում  շրջակա միջավայրի պահպանությունը և հատկապես  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առանցքային հարցեր են: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ոլորտում իրականացվում են նաև այլ աջակցության ծրագրեր և խնդիր կա դրանք համադրել մեկ ամբողջության մեջ` ծրագրից առավելագույն արդյունք ստանալու համար: Դրա համար անհարժեշտ է դիտարկել ջրային ոլորտի բոլոր բաղադրիչները` հաշվառուման, գնահատման, մոնիթորինգի կարողությունների հզորացումը, կատարյալ ջրավազանային կառավարման պլանների մշակումը, Սևանա լճի ինքնատիպ և արժեքավոր ջրային էկոհամակարգի պահպանությունը, ձկնաբուծական տնտեսությունների համար Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից տարեկան մոտ 800 մլն մ³ ծավալը ոռոգման երկրորդական նպատակով օգտագործման անհրաժեշտությունը, ջրատար համակարգերի կատարելագործումը:

Մայքլ Սուտերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նկատել է, որ ծրագիրը ԵՄ արևելյան գործընկերության երկրների շրջանակներում է իրականացվում  և հանդիսանում է նախորդ ծրագրերի շարունակությունը: Նախորդ ծրագրերը իրականացրել են միջազգային խորհրդատվական կազմակերպությունները` հատկացնելով տեխնիկական աջակցություն, այս դեպքում Եվրամիության երկրներն են դրանք իրականացնում, որպես երկրների  միջև գործընկերային հարաբերություն: Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարը նախապատրաստական փուլում հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը բարձր է գնահատել, ինչը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը` հավելելով, որ ծրագիրն այս փուլում ճկուն է և նախատեսված բյուջեն ըստ երկի պահանջների կարող է վերանայվել: 

 Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է, որ շահագրգռված է  ծրագրի արդյունավետ իրականացման մեջ, որպեսզի այն ապահովի նմանատիպ ծրագրերի շարունակականությոնը և օրինակելի լինի այլ երկրների համար:

 

Տեղեկանք

Ծրագիրը գործում է 2016թ․ սեպտեմբերից։  Այն ուղղված է աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Մոլդովիայի ջրային ռեսուրսների և անդրսահմանային գետերի կառավարման բարելավմանը։

EUWI+ ծրագիրը իրականացվում է  OECD, UNECE, Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության և Ֆրանսիայի Ջրի միջազգային գրասենյակի կողմից։  2016-2020 թթ․համար պլանավորվել է գործողությունների որոշակի  ծրագիր։

EUWI+ համագործակցության շրջանակներում առավել կարևորվում են հետևյալ 5 թեմաները․

1. Օրենսդրության, քաղաքականության մշակման  և ինստիտուցիոնալ ամրապնդում,

2. Լաբորատոր և մոնիթորինգային համակարգերի ամրապնդում,

3. Գետային ավազանի կառավարման պլանի մշակում,

4. Գետային ավազանի կառավարման պլանի իրականացում,

5. Հանրային իրազեկվածության, հաղորդակցության և տեղեկատվության կառավարում:

Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիումը պատասխանատու է 2-5 թեմաների իրականացմանը։ Այս ծրագրերի իրականացման բյուջեն 6 երկրների համար կազմում է մոտ 25 մլն եվրո, որը ֆինանսավորվելու է Եվրոմիության, Ավստրիայի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից։ Բյուջեի մոտավորապես 1/6 հատկացվելու է Հայաստանի Հանրապետությանը։

 

05.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն