Նախարարն ընդունել է ՌԴ ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամներ՝ Մոսկվայի սպորտկոմիտեի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանին, մարզաձևի առաջատար մասնագետներ Օլգա Սբիտնևային և Իվան Յուդինին:

 

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկական ռոքնռոլ մարզաձևի զարգացման հարցեր: «Այս տարվա մարտ ամսին, երբ սպորտային պարերի, ակրոբատիկայի, գեղարվեստական մարմնամարզության և գեղասահքի ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ, մեր նախարարությունում տեղի ունեցավ առաջին քննարկումը, չէինք էլ կարող պատկերացնել, որ հնարավոր կլինի հավաքել այս գեղեցիկ մարզաձևով այսքան շատ  հետաքրքրվողների: Սակայն փաստ է, որ այսօր Հայաստանում շատ են ակրոբատիկական ռոքնռոլով զբաղվել ցանկացողները»,- հյուրերին տեղեկացրել է նախարարը:

 

Նրա խոսքերով, այս՝ նախնական փուլում, ռուս մասնագետների հետ համագործակցությունը հնարավորության կտա ստեղծել Հայաստանի ակրոբատիկական  ռոքնռոլի ֆեդերացիա, որն էլ կզբաղվի մարզաձևի զարգացմամբ: «Անհրաժեշտ է ստեղծել ամուր և կայուն հիմք, որի վրա հնարավոր կլինի ապահովել մարզաձևի հետագա զարգացումը: Այդ նպատակով նախատեսում ենք կազմակերպել սեմինարներ՝ առաջատար ռուս մասնագետների մասնակցությամբ և այդ հարցում ակնկալում ենք ձեր օգնությունը»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

 

Նշենք, որ ՌԴ ակրոբատիկական ռոքնռոլի ֆեդերացիայի անդամներն այսօր են ժամանել Երևան և արդեն հասցրել են մարզումներ անցկացնել: Նախարար  Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է հյուրերի հրավերը և խոստացել՝ ներկա գտնվել վաղը կայանալիք մարզումներին:

31.10.17 | քաղաքականություն | սպորտ քաղաքականություն