Նախարարը ընդունել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին ընդունեց չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Սինոհիդրո» ընկերության կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացմանն առնչվող հարցեր:

 

Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարությունը վերահսկող կազմակերպությունները մի շարք խնդիրներ են գրանցել, որոնց պետք է արագ լուծում տալ, իսկ հետագա աշխատանքները շարունակել առավել արդյունավետ և բարձր որակով։ Նա ընդգծեց, որ «Հյուսիս-հարավ»-ը Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ծրագիր է, այն ՀՀ Նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում է և որակական որևէ շեղում անթույլատրելի է։

 

Սիոնգ Լիսինգը, անդրադառնալով բարձրացված խնդիրներին, կարևորեց փորձանմուշների թեստային փորձարկման արդյունքների գնահատականը և հավաստիացրեց, որ դրանց արդյունքները չգոհացնելու դեպքում իրենք պատրաստ են շտկել բոլոր թերությունները։

 

«Մենք կշարունակենք ուշադիր դիտարկել կատարված աշխատանքները։ Նաև պատրաստ ենք ցանկացած պահի քննարկել առաջացած խնդիրները և օգնել լուծել դրանք։ Հուսով ենք, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

26.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն