Նախատեսվում է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները

 

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ ջրային օրենսգրքում» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:  «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ համապարփակ կերպով կկարգավորվեն ջրահեռացման իրավահարաբերությունները, ինչպես նաև կսահմանվեն կեղտաջրերի և ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ տեսակների՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը և մոնիթորինգին ներկայացվող պահանջները: Այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը իրականացնելու համար սահմանվել է արտադրական կեղտաջրերի մոնիթորինգի գործառույթ, որը կարող է վերապահվել է միասնական օպերատորի սպասարկման տարածքներում՝ միասնական օպերատորին կամ մասնագիտացված կազմակերպություններին իրականացնելու համար: Ջրահեռացման ոլորտում ներդրումների խթանման նպատակով, հատկապես՝ միասնական օպերատորի սպասարկման տարածքում չընդգրկված համայնքների ջրահեռացումը բարելավելու տեսանկյունից նախատեսվում է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները: Նպաստավոր նախադրյալներ կստեղծվեն պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում մասնավոր ներդրողների,  ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և դոնորների կողմից ոլորտում ներդրումներ կատարելու ուղղությամբ: 

Հավանության են արժանացել նաև կառավարության առաջարկությունները ԱԺ պատգամավորների ներկայացրած մի շարք օրենքների նախագծերի վերաբերյալ:

28.09.17 | քաղաքականություն