Նախատեսվում է բարելավել դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» և հարակից օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Նախագծերի նպատակն առողջապահության ոլորտը կարգավորող  իրավական ակտի նորմերը ՀՀ սահմանադրության նորմերին համապատասխանեցնելն է, ինչպես նաև նախատեսել պատասխանատվություն` Սահմանադրությամբ ամրագրված մարդու օրգաններն ու հյուսվածքներն ապօրինի շրջանառության, եվգենիկական փորձերի իրականացման, մարդու վերարտադրողական կլոնավորման  համար: Օրինագծերով նախատեսվել են  ՀՀ սահմանադրությամբ սահմանված մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ, բարելավվել է հանրապետությունում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացը: 

Օրենսդրական կարգավորումների միջոցով փոխնակ մորից ծնված երեխայի` կենսաբանական ծնողին հանձնելուց առաջ արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-ի թեստավորման գործընթացը, վերջինիս իրականացման ժամկետները, ԴՆԹ-ի թեստավորման եզրակացության տրամադրման ժամկետները սահմանելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  Ըստ այդմ, հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից  ծնված երեխայի  ու կենսաբանական ծնողի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը, բացառել փոխնակ մորից ծնված երեխային կենսաբանական ծնող չհանդիսացող անձին հանձնելը:

 

26.10.17 | քաղաքականություն