Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Լեգրանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, արևշատություն, ստեղծագործական բերկրանքի բազում առիթներ: 

 

«Դուք համաշխարհային երաժշտության լեգենդներից եք, հպարտության և հիացմունքի արժանի մեծագույն արվեստագետ: Ձեր ստեղծագործական մտքի թռիչքը նոր հորիզոններ բացեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության արտահայտչաձևերում:

 

Մտավորականի անկեղծության և նրբանկատության դրոշմը կրող երկերում Դուք նորովի եք ներկայացնում մարդկային ապրումներն ու հույզերը, էության և լինելության հավերժական առեղծվածները:

 

Հայաստանում Ձեր արվեստը մեծապես սիրված է և սպասված: Հայ ունկնդիրը փոխադարձ կապ է զգում Ձեր ստեղծագործությունների, մարդկային կերպարի և ընդհանուր ճակատագրի հետ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից։

 

 

 

 

24.02.17 | քաղաքականություն