Նախագահը շնորհավորել է Ալբերտ Մկրտչյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից: 

 

«Լինելով հայ կինոյի երախտավորներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ Դուք պատկերեցիք մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, հայ մարդու կյանքն ու ներաշխարհը:

 

Հայրենի Գյումրու մանրակերտն ու հիշողությունները վարպետորեն արտացոլվել են Ձեր ստեղծագործություններում: Դրանցում ակներև է հուզական և բանաստեղծական շունչը:

 

Նշանակալի է Ձեր ավանդը նաև թատերարվեստի ասպարեզում, մայրաքաղաքի թատերական բազմազանության մեջ ուրույն ձեռագրով առանձնացող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի կայացման և զարգացման գործում»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

27.02.17 | քաղաքականություն