Նախաբացթողումային հսկողության դիտակետում մաքսային կանոնների խախտման փորձերն են Արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն

 

 

Խիստ, միաժամանակ աննկատ հսկողություն. Հայաստանի Հանրապետության սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացի կամ բեռնատար գտնվում է պետական եկամուտների կոմիտեի դիտակետում: Հենց սահմանից էլ սկսվում է նախաբացթողումային հսկողությունը: Կառավարության կողմից կոմիտեի առջև դրված խնդիրներից է՝ սահմանահատումը դարձնել պարզ, արագ, քաղաքակիրթ և հաճելի գործընթաց: Կարևորելով մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը, կոմիտեի ղեկավարի հանձնարարականով, համակարգը համալրվում է նոր մոտեցումներով աշխատելու պատրաստ բանիմաց և հմուտ մասնագետներով, այդ թվում՝ օտար լեզուների իմացությամբ: Ըստ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի, նոր կադրերը պարբերաբար վերապատրաստվել են, իսկ  անբարեխիղճ աշխատակիցների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ,  կիրառվել են տարբեր տույժեր. «Կադրային քաղաքականությունը մեր ուշադրության կենտրոնում է: Կոմիտեի նախագահի կողմից խնդիր է դրված՝ բարեփոխել մաքսավորի կերպարը, համակարգը սահմանը հատողներին բարձրակարգ ծառայություն մատուցող կառույց դարձնել»: 

 

Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ սահմանային բոլոր անցակետերում հետևողական հսկողություն է իրականացվում: Բագրատաշենի արդիականացված մաքսակետում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվում է արդյունավետ, բայց աննկատ հսկողություն. «Ռապիսկան» սարքավորման միջոցով մանրակրկիտ զննության են ենթարկվում ուղևորներն ու նրանց ուղեկցող բեռները: «Անհրաժեշտության դեպքում հսկողությունն իրականացվում է նաև մարմնի ռենտգեն զննման գերժամանակակից սարքավորմամբ: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերելու ոչ միայն հագուստի մեջ թաքցված ապրանքները, այլև օրգանիզմում առկա օտար մարմինները»,-ընդգծել է ՆՀՎ պետը: «Խելացի» սարքավորումը երբեք չի սխալվում. անվտանգ է, ապահով և հուսալի, վստահեցնում է մաքսային տեսուչը: Վերջերս էլ հենց այս սարքի միջոցով հաջողվել է կանխել հագուստի մեջ թաքցված թանկարժեք զարդերի տեղափոխման փորձը: Իսկ «Յանտար» տեսակի սարքավորումներով, կրկին աննկատ, ստուգվում է ռադիոակտիվ նյութերի հնարավոր առկայությունը: Վարչության պետ Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանային անցակետերում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները չեն  վնասում մարդու առողջությանը: Բեռնատարների և տրանսպորտային միջոցների նախաբացթողումային հսկողությունը շարունակվում է էլեկտրոնային կշեռքների, «Ռապիսկան» սարքավորումների, նաև ռենտգեն զննման շարժական համակարգի միջոցով: Զննություն է կատարվում նաև խորը զննման մասնաշենքում: «ՀՀ սահմանը հատած բեռնատար մեքենաները զննվում են «Ռապիսկան» սարքավորման միջոցով. մասնագետները ստուգում և համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարներում գտնվող ապրանքների հետ: Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչև նշանակման վայր հասնելը՝ բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո»,-նշել է Գեղամ Մովսիսյանը:  

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի 

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

05.12.17 | քաղաքականություն