Միջին Արևելքում իրավիճակը նոր ապակայունացման վտանգի տակ. անհանգստացած են նաև Գերմանիան և Ռուսաստանը

 

 

 

Իրաքի Քուրդստանում հանրաքվեի արդյունքները տեղիք են տվել աշխարհի մի շարք պետությունների անհանգստությանը: Այդ պետությունների թվում են ոչ միայն Իրաքին հարևան Թուրքիան և Իրանը, որոնք, իրենց անվտանգությունից ու շահերից ելնելով, ուղղակի անհանդուրժողական կեցվածք ունեն Քուրդստանի անկախության հռչակման նկատմամբ, այլև տարածաշրջանից բավական հեռու գտնվող Գերմանիան և Ռուսաստանը;

Ինչպես արդեն հայտնի է, ըստ Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի գերագույն կոմիտեի հայտարարության, 4,5 միլիոն մարդ է մասնակցել Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեին, որոնց 92.73 տոկոսը կողմ է քվեարկել Իրաքից այդ տարածքի անջատման օգտին:

 

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել է, որ Իրաքի Քուրդստանի տարածքի պատասխանատուներն առանց ուշադրություն դարձնելու նախազգուշացումներին  և անտեսելով միջազգային հորդորները, հանրաքվե կազմակերպեցին: Հանրաքվեի արդյունքներին անդրադարձել է նաև Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: Վերջինս երեկ հայտարարել է, որ Իրաքի Քուրդստանի տարածքում հանրաքվեի արդյունքները պարտադիր բնույթ չեն կրում, ապա ցավ է հայտնել  անջատման հանրաքվեի կայացման կապակցությամբ: Նա միաժամանակ զգուշացրել է, որ Քուրդստանի անկախության հռչակումը կարող է ապակայունացնող հետևանքներ ունենալ:

Ռուսաստանի արտգործնախարարությունն Քուրդստանի անջատման հանրաքվեի կապակցությամբ ավելի վաղ հանդես է եկել մի հաղորդագրությամբ, որով կոչ է արել զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել Միջին Արևելքում իրավիճակի ապակայունացմանը: Հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան չի փոխել Իրաքի և տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունքների պահպանման մասին իր դիրքորոշումը:

«Իրաքի կենտրոնական իշխանության և Քուրդստանի տարածքի միջև տարաձայնելի բոլոր հարցերը պետք է կարգավորել կառուցողական ու հարգալից պայմաններում անցկացվող բանակցությունների միջոցով»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

 

28.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն