Միջազգային քննարկում փախստականների խնդիրների շուրջ

2017թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր «Գերմանա-ռուսական փոխանակում» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» միջազգային ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գտնվող աշխատանքային խմբի անդամներին: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Ռուսատանի, Վրաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Դաղստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են քաղաքացիական հասարակության խթանման միջոցով հետպատերազմյան հակամարտության կարգավորմամբ: 

 

Հյուրերին ողջունել և արդյունավետ քննարկում է մաղթել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ներկայացրել է Փաստաբանների պալատի կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը ներկայացրել է փախստականների և ապաստան հայցողների հետ տարվող ՀՊԳ աշխատանքների առանձնահատկություններն անվճար իրավաբանական օգնություն ստանալու շրջանակներում: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Մելանյա Առուստամյանը մանրամասնել է սիրիահայ փախստականների համար իրականացված ծրագիրը՝ այդ թվում նաև ձեռներեցության խթանմանն ուղղված հայրենական օրենսդրության ծանոթացումն ու իրավաբանական խորհրդատվության եղանակները: 

Հանդիպման մասնակիցները քննարկել են պատերազմական իրավիճակում գտնվող երկրների ապօրինի սահմանահատումների, քաղաքացիական ապաստանի հայցման և փախստականների իրավունքների իրացման ներպետական հնարավորությունները: 

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ներգաղթյալների իրավական օժանդակության տրամադրման առկա միջազգային օրենսդրական լուծումները:

25.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն