Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Միհրան Հարությունյան. Միայն մենք գիտենք, թե ինչ դժվարություններով հասանք այս հաղթանակներին (ֆոտո)

06.09.16 - սպորտ

Հիմա արդեն իմ հիմնական նպատակը ոչ թե մեր մեդալը վերադաձնելն է, այլ որ հաջորդ անգամ մեզ չխանգարեն լինել մեր տեղում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով ոսկե մեդալը կորցրած, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ. օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին այս արդյունքների ու մեր գերազանց մասնակցության համար: Շնորհակալ եմ մեր ղեկավարությանն ու հասարակությանը այսքան ջերմ ընդունելության, այս ուրախության ու աջակցության համար: Դա ինձ մեծ ուժ է տալիս առաջ շարժվելու: Իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին շնորհավորում եմ Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Իրականում, ոչ իմ, ոչ Արթուր Ալեքսանյանի ճանապարհը հեշտ չի եղել մինչեւ այս Օլիմպիական խաղերը: Դեռ շատ կլինեն խոսակցություններ, որ մենք հեշտությամբ հասանք այս հաղթանակներին: Մի հավատացեք ոչ մեկի խոսքերին: Միայն մենք գիտենք, թե ինչ մեծ դժվարություններով, խոչընդոտներով մեզ տրվեցինք այս հաղթանակները:

Ես հույս ունեմ, որ որեւէ քայլ կձեռնարկվի, բայց եթե նույնիսկ կհաջողվի վերադարձնել ոսկե մեդալը, ցանկանում եմ, որ այսուհետեւ ոչ միայն իմ, այլեւ մեր մյուս տղաներից էլ երբեք մեդալները, հաղթանակները չխլեն:  Ինչ քայլեր էր ձեռնարկվեն, հույս ունեմ, որ դրանք կանդրադառնան հետագայում մեր գոտեմարտերի արդար մրցավարության, մեդալների արդարացի մեզ հասնելու վրա:

Հիմա արդեն իմ հիմնական նպատակը ոչ թե մեր մեդալը վերադաձնելն է, այլ որ հաջորդ անգամ մեզ չխանգարեն լինել մեր տեղում: Ես ցանկանում եմ, որ այսուհետ մեզ չխանգարեն նվաճել այն մեդալները, որոնք մենք նվաճում ենք արդար պայքարում»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռիո-2016-ին մեկնել էր 4 մարզիկով եւ մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ զիջելով միայն Կուբային ու Ռուսաստանին: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել էր աշխարհի 2014թ. չեմպիոն, սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվել արծաթե մեդալով:  Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Լուսինե Շահբազյան

06.09.16 | սպորտ