ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվության եւ ` հասարակության կարծիքի ձեւավորման գործում մեծ է ԶԼՄ-ների դերը

 







 

Դեկտեմբերի 2-ին եւ 3-ին  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից  «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով 2 -օրյա  սեմինար-վարժանքի ընթացքում լրագրողներին  ներկայացվեցին թեմայի հետ կապված իրենց իսկ կոլլեգաների կողմից արված  հրապարակումները։ 

 

ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն անդրադառնալով լրագրողների կողմից արված հրապարակումներին  կարեւորեց  այն հանգամանքը, որ լրագրողները պետք է  ունենան համապատասխան եւ միմիայն հավաստի ինֆորմացիա  այս թեմայի շուրջ իրենց նյութերը  պատրաստելու գործում։ 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակից Արևիկ Պետրոսյանը նշեց, որ  հենց լրագրողներից է կախված հասարակության կարծիքի ձեւավորումը  համապատասխան հիվանդության վերաբերյալ։ Ա․ Պետրոսյանի խոսքերով վերջին տարիներին  ՄԻԱՎ-ի մասին արվող հրապարակումներում լրագրողներն ավելի նրբանկատ են դարձել։ 

Սեմինարի ընթացքում բանախոսները ցավով արձանագրեցին այն  փասռը, որ այսօր լրատվական ոլորտն անդրադառնում է  ՄԻԱՎ-ի թեմային  ավելի շատ  դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը եւ ցավոք այդ մեկ օրը  հաճախ բավարար չի լինում, որպեսզի  հանրությանը տրվի լիարժեք  եւ շատ կարեւոր  տեղեկատվություն եւ  խորհրդատվություն։  Նրանք լրագրողներին խորհուրդ տվեցին տարվա մեջ   մի քանի անգամ  անդրադառնան այս թեմային։

 

Տեղեկացնենք, որ համաձայն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի  2016-ի տվյալներով՝ աշխարհում ապրում է ՄԻԱՎ վարակով 36,7 միլիոն հիվանդ, որից մեր տարածաշրջանում՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ապրում է ՄԻԱՎ վարակով մինչև 1,6 միլիոն պացիենտ, ՄԻԱՎ վարակի տարածումն ամենամեծը ՌԴ-ում է և Ուկրաինայում: ՄԻԱՎ վարակով ամենաշատ պացիենտներ ապրում են Աֆրիկայում: 

Նշենք, որ գոյություն ունի ՄԻԱՎ-ի  փոխանցման երեք ճանապարհ՝ սեռական ճանապարհ, արյուն և մորից երեխային: Պետք է լինի բավարար քանակով տեսանելի արյուն՝ 0,1 միլիլիտր և ավելի: Վարակը փոխանցվում է արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների և մայրական կաթի միջոցով։

 

Տեղեկացնենք, որ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժօգնությունը  իրականացվում է պետության կողմից անվճար, իսկ բուժում ասելով, պետք է հասկանալ  հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրում: Հիվանդը կանգնում է դիսպանսերային հսկողության՝ սկսած հետազոտությունից, մինչև բուժում: Ամեն ինչ անվճար է: Այս հիվանդության դեպքում կարևոր է ամենօրյա ռեժիմով դեղորայքային ընդունումը։ 

  Հավելենք, որ սեմինարի ընթացքում  մոտ 10 լրագրող ինքնաթեսթավորման միջոցով պարզեց իր ՄԻԱՎ կարգավիճակը։

04.12.17 | քաղաքականություն