«Մեր եկեղեցին եւ՛ աղոթքի, եւ՛ հայապահպանության տաճար է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

 





ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ եւ նշել. «Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին հանդիսացել է ոչ միայն աղոթքի, այլ նաեւ հայապահպանության, հայրենասիրության եւ կրթության տաճար: Անգնահատելի է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան գործունեությունը նաեւ այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում»:

 

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի համար Տեր Պողոս աբեղա Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ, իսկ Աստղիկ Քոչարյանին, Ռուզաննա Կուրղինյանին, Ֆիլիպ Դավիդովին, Տեր Արշակ Նազարյանին, Գարեգին Բակլաչյանին եւ Արտակ Ոսկանյանին` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր:

 

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 

26.09.17 | քաղաքականություն