Մենք առաջարկում և խնդրում ենք վերանայել և ստեղծել հայ ժողովրդին արժանի հեռուստատեսություն

 

 

 

 

 

                                                                                      Հայաստանի Հանրապետության սփյուռքի և մշակույթի նախարարներին

 

                                                                                     Դիմում

 

 

Հարգելի նախարարներ,

Ձեզ են դիմում Դնեպրի մարզի հայկական համայնքի երիտասարդական միության անդամները։ Մեր միության մեծամասնությունն են կազմում Ուկրաինայում ծնված կամ փոքր հասակում տարբեր պատճառներով, այդ թվում նաև՝ ռազմա-քաղաքական, այս երկիր տեղափոխված մարդիկ։ Մենք կարողացել ենք ստեղծել հայրենիքից դուրս այնպիսի մի կազմակերպություն, որի գլխավոր գաղափարն է միավորել հայ երիտասարդներին, միավորել նրանց Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։ Դնեպր քաղաքում մի խումբ մարդկանց հովանավորության ներքո, իրենց իսկ նախաձեռնությամբ, կառուցվել է հայկական մշակութային կենտրոն։ Կենտրոնում գործում է կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում են բոլոր նրանք (առանց տարիքային սահմանափակման), ովքեր ցանկություն ունեն սովորել մայրենի լեզվուն, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը։ Այստեղ գործում են նաև երգի, պարի, նկարչության և այլ խմբակներ։

Գտնվելով հայրենիքից դուրս, մենք դաստիարակվում ենք այն ավանդույթներով, որոնք ձևավորվել են մեր ընտանիքներում, դպրոցում և մեր շրջապատում։ Դրան նպաստում են հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող հայալեզու մուլտֆիլմերը, հայրենասիրական ֆիլմերը և տարբեր ուսուցողական-տեղեկատվական հաղորդումները։ Ցավոք սրտի, վերջին ժամանակներում ցուցադրվող անհետաքրքիր և ցածր որակի հայկական կամ էլ արտասահմանյան (հնդկական, մեքսիկական) սերիալները, երաժշտական հաղորդումները մեզ զրկել են հայկական մշակույթի հետ առնչվելու հնարավորություններից։ Մենք առաջարկում և խնդրում ենք վերանայել և ստեղծել հայ ժողովրդին արժանի հեռուստատեսություն, որտեղ կցուցադրվեն հաղորդումներ մեր պատմության և մշակույթի մասին։ Փոքրիկների համար ստեղծել մուլտֆիլմեր, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության մասին հաղորդումներ, որոնց միջոցով մենք ինքներս կկարողանանք սովորել ճիշտ խոսել և մտածել մայրենի լեզվով, դրանով իսկ պահպանելով հայի տեսասկը։ Մենք՝ Դնեպրի մարզի հայ երիտասարդների միությունը, սերտ կապի մեջ ենք նաև տարբեր երկրներում (Ռուսաստան, Ֆրանսիա, Չեխիա, Բուլղարիա) գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների հետ։ Մեր համախոհներն ու ընկերը ևս աջակցում են մեզ։ Հույս ունենք, որ դուք հատուկ ուշադրություն կդարձնենք մեր՝ հայ երիտասարդների խնդրանքին, կընդառաջեք և կձեռնարկեք համապատասխան քայլեր, որպեսզի մեր հեռուստաընկերությունները հեռարձակեն այնպիսի հաղորդումներ և ֆիլմեր, որոնք կնպաստեն կրթության և մշակույթի զարգացմանը և հայեցի դաստիարակմանը։ 

 

Կանխավ շնորհակալություն՝

 

Դնեպրի մարզի հայկական համայնքի երիտասարդական միության անդամներ

 

30.10.17 | քաղաքականություն