«Մենք՝ հայերս, չե՞նք համբուրվում. չէ՞ որ դա հրաշալի է». Իջինը՝ իր նոր տեսահոլովակի համարձակ տեսարանների մասին

. չէ՞ որ դա հրաշալի է». Իջինը՝ իր նոր տեսահոլովակի համարձակ տեսարանների մասին />

«Մի՞թե հայկական ֆիլմերում չեն համբուրվում: Մենք՝ հայերս, չե՞նք համբուրվում. չէ՞ որ դա հրաշալի է: Ես այդ ամենին պրոֆեսիոնալ ձեւով եմ մոտենում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով «Вдыхай мой воздух» իր նոր տեսահոլովակին եւ դրանում առկա համարձակ կադրերի շուրջ ստեղծված քննարկումներին, նշեց ռուսատանաբնակ երգչուհի Իջինը, որին շատերը կհիշեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծից:

«Տեսահոլովակը մի ֆիլմ է, իսկ մենք՝ դերասաններ: Մեր առջեւ այդպիսի առաջադրանք էր դրված՝ ցույց տալ սերը, կիրքը, էմոցիաները, որոնք հատուկ են ցանկացած սիրահարված մարդու: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Համբուրվեք եւ սիրեք միմյանց»,-ասում է երգչուհին, որի հետ զրուցեցինք նաեւ ֆանտաստիկ ժանրում նկարահանված տեսահոլովակի մտահղացման մասին.

«Ես սիրում եմ թրիլլեր ժանրի ֆիլմեր: Բոլորը սովոր են, որ սիրո մասին տեսահոլովակները պետք է լինեն նուրբ եւ ռոմանտիկ: Իսկ ես չէի ցանկանում ներկայացնել սիրո մասին ստանդարտ պատմություն: Ինձ հենց սիրո զգացումն է ոգեշնչել: Երբ սիրահարվում ենք, այդ սիրո պատմությունը ոչ միշտ է ունենում լավ վերջաբան: Շատերն այդ պահին մտածում են. «Երանի անջատած լինեի զգացմունքներս, երբեք սիրահարված չլինեի, որպեսզի այս ցավը չզգայի»: Դա մարդկանց ամենամեծ սխալն է: Մի վախեցեք սիրել, դա Աստծո շնորհն է, որի շնորհիվ աշխարհը մինչ օրս գոյությունի ունի: Տեսահոլովակն այն մասին է, որ պետք չէ հանձնվել, պետք է պայքարել սիրո համար, որովհետեւ այն հրաշալի զգացմունք է»,-նշում է երգչուհին, որին տեսահոլովակում տեսնում ենք միանգամից մի քանի կերպարներով.

«Կերպարներիս հեղինակը ես եմ: Շատ էի ցանկանում այս տեսահոլովակում ներկայանալ նորովի՝ նոր ոճով, քանի որ երաժշտությունը եւս ես եմ հեղինակել եւ, առհասարակ, այս մեկ տարվա մեջ շատ եմ փոխվել:

Կերպարներից յուրաքանչյուրը իմ հոգու՝ տարբեր ժամանակահատվածների նկարագիրն է, այնպես որ՝ ինձ բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են»:

Երգչուհին նաեւ ոգեւորությամբ անդրադարձավ տեսահոլովակի գրանցած հաջողություններին.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ YouTube-ում հայտնվելուց վայրկյաններ անց այն թրենդի վերածվեց եւ արդեն երկար ժամանակ չի զիջում իր դիրքերը՝ դառնալով Ռուսաստանի ամենապահանջված տեսահոլովակը: Ահա, թե ինչ կարող է անել սերը»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

15.07.17 | հասարակություն | մոդա