Մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի՝ միջազգային գրոսմայստերների հետ խաղում

Դեկտեմբերի 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ շախմատի ամենամյա հինգերորդ մրցաշարը: Այն նվիրված էր Ս. Աբգար թագավորի տոնին: Առաջին քրիստոնյա արքայի տոնը Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն ավանդաբար նշում են արքայական խաղով:

 






Մրցաշարը սկսվեց Տերունական աղոթքով: Մրցաշարի կազմակերպիչ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը մասնակիցներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս ԿՃոյանի օրհնությունը և մաղթեց հաջողություն: Մրցաշարին մասնակցեցին քահանաներ, զինվորներ, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդից, Երևանի շախմատի դպրոցներից, ՀՀ Ոստիկանական ակադեմիայից, Ազգային առաջնորդության ինստիտուտից, ինչպես նաև երիտասարդներ Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերից:   

 

Խաղն անցկացվեց 2 փուլով: Առաջին փուլում մասնակիցները մրցեցին միմյանց հետ: Յուրաքանչյուր մասնակցի տրված էր 30 րոպե խաղաժամանակ:

Հաղթողների հետ միաժամանակյա խաղ անցկացրեց երկու միջազգային գրոսմայստեր՝ Հայաստանի չեմիպոն Հովհաննես Գաբուզյանը և մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը: Այս փուլի համար մասնակիցներին տրված էր 1 ժամ, նրանք կարող էին քայլ կատարել ցանկացած պահի: 1 ժամ էր տրված նաև գրոսմայստերներին, թեև միաժամանակյա խաղերում սովորաբար նրանց ժամանակն անսահմանափակ է լինում:

 

Խաղը վարեց միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորիկ Քալանթարյանը:

22 մրցակիցների հետ գրոսմայստերների խաղում գրանցվեց մեկ հաղթանակ, մեկ ոչ ոքի: Հովհաննես Գաբուզյանի հետ խաղում Ռաֆայել Բակունցը հաղթեց, իսկ Զավեն Անդրեասյանի հետ Էդգար Հայրապետյանը ոչ քի հետ խաղաց:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ 2018թ. հռչակվել է «Երիտասարդության տարի», և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն առաջին միջթեմական ծրագիրն են իրականացրեցին՝ արձագանքելով Վեհափառ Հայրապետի տնօրինությանը:

 

Ավանդական դարձած մրցաշարն անցկացվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ և թեմի երիտասարդաց միությունների անդամների նախաձեռնությամբ: Նախորդ տարիներից այս մեկը տարբերվեց նրանով, որ մեծացել էր մասնակիցների աշխարհագրությունը. մրցաշարին մասնակցեցին երիտասարդներ՝ Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերից:

ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ երիտասարդներն արքային վայել խաղի ամենամյա մրցաշարը կազմակերպում են` նպատակ ունենալով վերարժևորել Ս. Աբգար թագավորի հավատքի վկայությունը: Նա առաջին արքան էր, ով Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում ընդունեց Նրան որպես Աստված ու Աստծո Որդի` հրավիրելով գալ ու թագավորել Եդեսիայում: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին  

05.12.17 | քաղաքականություն | ֆուտբոլ