Մեկնարկել է Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում ծրագիրը

 

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր պաշտոնապես մեկնարկել է Անչափահաս և երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացման զարգացում ծրագիրը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:

 

Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է հասարակական հատվածի նման ներգրավվածությունը հանցագործություն կատարած անձանց վերաինտեգրման դժվարին աշխատանքում: Փոխնախարարը հավելել է, որ քրեական արդարադատության ոլորտում վարվող պետական քաղաքականության մեջ շեշտադրված է վերասոցիալականացման բաղադրիչը, որպեսզի հանցագործություն կատարած անձինք վերաինտեգրվեն հասարակությանը և կրճատվեն կրկնահանցագործության դեպքերը: Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը հույս է հայտնել, որ մեկ տարի անց հնարավոր կլինի նաև խոսել ծրագրի արձանագրած արդյունքների մասին:

Այնուհետև, Սոցիալական արդարություն հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը միջոցառման մասնակիցներին առավել մանրամասն ներկայացրել է ծրագրի նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Ըստ դրա՝ ծրագիրն իրականացվելու է Երևան քաղաքում և Լոռու մարզում՝ նպատակ ունենալով նպաստել Պրոբացիայի պետական ծառայության համայնքահեն զարգացմանը և դրա գործունեության վերաբերյալ համայնքային տեղեկացվածության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում ընտրվելու են 14-30 տարեկան անչափահաս և երիտասարդ 100 դատապարտյալներ, որոնց հետ տարվող աշխատանքներով փորձ է արվելու ապահովել երիտասարդ դատապարտյալների վերասոցիալականացումը համայնքում: 

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

 

31.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ