Մեկնարկել է ՆԱՏՕ-ի վարժանքի գործնական փուլը

Սեպտեմբերի 27-ին Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի 18-րդ միջազգային դաշտային վարժանքի գործնական փուլը: 30 երկրից ժամանած փրկարարների հմտությունները գործնականում ցուցադրելու համար քաղաքի մատույցներում գտնվող ածխահանքում (որի հորանի խորությունը 20 մետր է) և արհեստական Մոդրաչ լճի տարածքում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:

 

Ըստ վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով գետերը վարարել են, կա ջրամբարների փլուզման վտանգ և մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Լեռան լանջերին սողանքների պատճառով մոտակա շինությունները փլուզվել են, կան պայմանական զոհեր ու տուժածներ: Սցենարի համաձայն՝ աղետի հաջորդ օրը գրանցվել է նաև ուժեղ երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների: Հաստատվել է խմելու ջրի աղտոտման փաստը, իսկ արդյունաբերական ձեռնարկություններից մեկում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտանետում: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացնող փրկարարները ներգրավված են վարժանքի բոլոր տեղամասերում՝ փլատակներում և ածխահանքում իրականացնելով որոնողափրկարարական, լճի տարածքում՝ ջրափրկարարական աշխատանքներ և քիմիական մոնիթորինգ՝ գործարանում:

 

«Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից:

27.09.17 | քաղաքականություն