Մեկնարկել է «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրերը. 2017» համաժողովը

Երևանում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է «Կովկասի մալուխային հեռուստատեսության օրերը. 2017» համաժողովը, որին մասնակցում են 41 կազմակերպությունների 70-ից ավելի ներկայացուցիչներ։

 





Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիայի նախագահ Արարատ Առուշանյանը ներկայացրեց համաժողովի կարևորությունը և հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի մասնակիցների համար։ 

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Նա իր ելույթում անդրադարձավ Հայաստանի մալուխային հեռուստատեսության անցած ուղուն, նշեց, որ ոլորտի այժմյան գործունեությունը պետք է դիտարկել որպես դեռևս 90-ական թվականներին եղած մալուխային հեռուստատեսության օրգանական շարունակություն։ Նախարարի տեղակալն ընդգծեց, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի օրենսդրությունն առավելապես հարմարեցվի ոլորտի զարգացման միտումներին: 

 

Բորիս Դեմիրխանյանը համոզմունք հայտնեց, որ համաժողովի արդյունքները նպաստավոր կլինեն հետագա տարիների առավել արդյունավետ գործունեության համար։

 

Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն ոլորտի օրենսդրական, իրավական կարգավորումներին, կոնտենտների հասանելիությանն առնչվող մի շարք թեմաներ, կառաջարկվեն բարձրացված խնդիրների լուծումներ։ 

 

«Կովկասի մալուխային հեռուստատեսության օրեր» ամենամյա համաժողովը, որի մեկնարկը տրվել է 2004 թվականին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ 

 

Կազմակերպիչներն են Հայաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան, Ռուսաստանի մալուխային հեռուստաընկերությունների ասոցիացիան և Վրաստանի մալուխային հեռուստատեսության միությունը։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

 

 

28.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն