Մեկնարկել են ծառերի սանիտարական էտի աշխատանքները

 

 

Արդեն մի քանի օր է` Երևանում մեկնարկել են ծառերի սանիտարական էտի աշխատանքներ, որոնց շրջանակում կատարվում է չոր և հիվանդ, ինչպես նաև գերաճ ճյուղերի հեռացում: Աշխատանքները կնպաստեն ոչ միայն ծառերի դեկորատիվ տեսքի ապահովմանը, այլև դրանց կենսունակությանն ու տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելմանը:

Սանիտարական էտի աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության, ինչպես նաև բազմաթիվ մասնագետների կողմից:

 

Բուսաբանական այգու փոխտնօրեն, անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Մովսիսյանը, կարևորելով նմանատիպ սանիտարական աշխատանքների պարբերաբար անցկացումը, նշել է, որ դրանց անտեսումը հետագայում կարող է հանգեցնել առավել մեծ խնդիրների:

«Ծառերի չորացած հատվածների վրա մեծ քանակությամբ միջատներ են հավաքվում, բազմաթիվ հիվանդություններ են առաջանում, ինչի արդյունքում ծառը դառնում է հիվանդությունների օջախ: Եթե համապատասխան միջոցներ ձեռք չառնվեն, հիվանդություններն ու վնասատուները կարող են տարածվել ամբողջ տարածքում»,- նշել է Գագիկ Մովսիսյանը:

Սանիտարական էտի աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև նոյեմբերի 1-ը, որից հետո կսկսվեն աշնանային էտի աշխատանքները:

 

28.09.17 | քաղաքականություն