«Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց

Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ ս.թ. փետրվարի 16-ի ՀՀ կառավարության նիստում  տրված հանձնարարականի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունները համատեղ մշակել   և Կառավարության աշխատակազմ են ներկայացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը: Գործող աղբանոցների վերաբերյալ  հստակ պատկերացում կազմելու և այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են ՀՀ տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի  քան 430 հա ընդհանուր տարածքով:

 

Աղբանոցների տեղադիրքերի  և դրանց  վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում ամբողջական տեղեկատվությունը Google Earth-ի հենքի վրա կառուցված միջավայրում տեղադրելու ուղղությամբ:

 «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը պետություն – համայնք – մասնավոր – քաղաքացիական  հասարակություն լայնաֆորմատ համագործակցության արդյունք է և կոչված է համախմբելու  Հայաստանի  բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և ՀԿ-ներին` Հայաստանն աղբից մաքրելու ու աղբահանության համար չնախատեսված վայրերում  դրա հետագա կուտակումները կանխելու նպատակի շուրջ:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների առանձին ծրագիր, որով կհստակեցվեն մարզում իրականացվելիք  միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացելու է  պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին: 

Նախաձեռնության համակարգման համար ծրագրով առաջարկվում է ստեղծել տարբեր  գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի  նեկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով: 

«Մաքուր Հայաստանը» լրացնում է «ՀՀ 2017-2036 թթ. կոշտ  կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը» և հանդիսանում է միջանկյալ և հրատապ լուծում մինչև Ռազմավարությամբ նախատեսված աղբահանության համակարգերի ձևավորումն ու լիարժեք գործունեությունը: 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

18.04.17 | քաղաքականություն