Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաեւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման եւ բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է:

 

Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկն այսօր՝ փետրվարի 27-ին, այցելել են Արամ Մանուկյանին,  Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ եւ միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաեւ Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել  նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Ա. Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

Տեղեկացնենք, որ նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը արդեն իսկ համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

 

 

 

 

 

 

27.02.17 | քաղաքականություն