Մալթացի հետաքննող լրագրողի սպանության գործով 8 մարդ է ձերբակալվել

hetq.am.Մալթայի ոստիկանությունը 8 մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են հոկտեմբերի 16-ին հետաքննող լրագրող Դաֆնե Կարունա Գալիցիայի սպանությանը առնչություն ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին:

 

Մուսկատը հայտնել է նաև, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Մարսա քաղաքում, ինչպես նաև Բուջիբա և Զեբուջ շրջաններում: Լրագրողի սպանության գործով այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

 

Ավելի վաղ Մալթայի կառավարությունը 1 միլիոն դոլար էր խոստացել այն մարդուն, ով լրագրողի սպանության գործի վերաբերյալ որևէ օգտակար տեղեկություն կտրամադրեր: Իր հերթին նմանատիպ նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով 20 հազար եվրո էր խոստացել:

 

Հիշեցնենք, որ Դաֆնե Կարուանա Գալիցիան զոհվել էր իր ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից: Լրագրողը հետաքննում էր Մալթայում կոռուպցիոն երևույթները, որոնց արդյունքը դարձավ «պանամական փաստաթղթերում» առկա տեղեկությունների հրապարակումը: Նրա հետաքննությունների առանցքը Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի՝ պանամական օֆշորներն ու Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած կապերն էին:

04.12.17 | քաղաքականություն