Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ղեկավարների արարքներ, որոնց պատճառով հեռանում են լավագույն աշխատակիցները

1. Չափազանց ծանրաբեռնվածություն

Չափազանց ծանրաբեռնվածությունը հիմնական պատճառն է: Եթե լավագույն մասնագետների հետ եք աշխատում, նրանցից առավելագույնը «քամելու» գայթակղությունը շատ մեծ է, սակայն նման ձգտումը մարդկանց շփոթեցնում է. նրանց թվում է, որ իրենց պատժում են որակյալ աշխատանքի համար: Բացի այդ, գերբեռնվածությունը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը: Սթենֆորդի համալսարանի վերջին հետազոտությունն ապացուցել է, որ աշխատանքային շաբաթի ավելի քան   50 ժամ տեւողության դեպքում արդյունավետությունը կտրուկ նվազում է, իսկ ավելի քան 55 ժամ տեւողության դեպքում զրոյի է ձգտում:

Եթե ձեզ անհրաժեշտ է տաղանդավոր մարդկանց աշխատանքի լրացուցիչ ծավալ հանձնարարել, ստիպված կլինեք բարձրացնել նրանց կարգավիճակը: Եթե դա չանեք, աշխատանքն արագ կսկսի հոգնեցնել նրանց եւ ի վերջո նրանք կհեռանան: Հավելյալ ծանրաբեռնվածությունը կարելի է փոխհատուցել հավելավճարի, պաշտոնի բարձրացման կամ պաշտոնի փոփոխման միջոցով: Պետք չէ հուսալ, թե տաղանդավոր մարդիկ ուրիշներից ավելի շատ կաշխատեն: Ավելի շուտ նրանք կգնան այնպիսի տեղ, որտեղ նրանց ըստ արժանվույն կգնահատեն: 

2. Լավ աշխատանքի համար գովասանքի եւ պարգեւների բացակայությունը 

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ուսին խրախուսական թփթփացնելը ոչինչ չի նշանակում, հատկապես ներքին հրաշալի մոտիվացիայով լավագույն աշխատակցի համար: Այդ տպավորությունը խաբուսիկ է, որովհետեւ գովասանքը բոլորին է դուր գալիս, ներառյալ նրանց, որոնք ամբողջությամբ նվիրվում են աշխատանքին:  Ղեկավարները պիտի ավելի հաճախ շփվեն ենթակաների հետ եւ պարզեն, թե ինչ եղանակով է հնարավոր նրանց պարգեւատրել հաջողությունների համար  (օրինակ` պարգեւավճար տալ կամ էլ գովել գործընկերների ներկայությամբ): Հիշեք, որ տաղանդավոր աշխատակիցների դեպքում անհրաժեշտ կլինի դա իրոք հաճախ անել: 

3. Մարդկային հոգատարության պակասը

Աշխատակիցների կեսից ավելին լքում է իր աշխատատեղը, որովհետեւ չի կարողանում ղեկավարության հետ վստահելի հարաբերություններ կառուցել: Խելացի ղեկավարները կարողանում են ապահովել հավասարակշռությունը պրոֆեսիոնալիզմի եւ մարդկայնության միջեւ: Նրանք աշխատակիցների հետ տոնում են նրանց հաջողությունները, ջանում են օգնել նրանց, ովքեր վատ ժամանակաշրջան են ապրում եւ ստիպում են աշխատել հնարավորությունների առավելագույնով, եթե դա հնարավոր է: Իսկ նրանք, ում դա օտար է, շարունակում են բողոքել կադրերի հոսունության բարձր տոկոսից:  Մարդիկ հազիվ թե աշխատեն ձեզ համար` չզգալով ձեր հուզական ներգրավվածությունը եւ անկեղծ հոգատարությունը իրենց հանդեպ:  

4. Պարտականությունների չկատարում

Աշխատակցին խոստում տալով` դուք կարող եք երջանկացնել կամ հիասթափեցնել նրան` նրա հեռացման պատճառ դառնալով: Խոստումը կատարելով` դուq արդարացնում եք վստահությունը եւ աճում եք նրա աչքում, ինչն անկասկած շատ կարեւոր է: Խոստումը կատարելուց հրաժարվելով` դուք անլուրջ մեկի տպավորություն եք թողնում, որը չի հարգում ուրիշների զգացմունքները:   Եթե ղեկավարը չի կատարում իր խոստումները, վաղ թե ուշ բոլոր աշխատակիցները սկսում են հետեւել նրա օրինակին:  

5. Անհամապատասխան մասնագետների ընդունում եւ առաջ մղում 

Լավ, աշխատասեր աշխատակիցներն ուզում են իրենց կողքին նույնքան բարեխիղճ գործընկերների տեսնել: Եթե ղեկավարը չի խրախուսում նրանց, ովքեր արդեն աշխատում են ընկերությունում, անհամապատասխան մասնագետների առաջմղումը ողբալի արդյունքների է հանգեցնում:  Մարդը, որը ջանասիրաբար աշխատել է, բայց մնացել է առանց պաշտոնի բարձրացման, հավանաբար կվիրավորվի եւ կսկսի իր տաղանդի համար նոր կիրառություն փնտրել:  

 

Աղբյուրը` hr-portal.ru

19.04.16 | հասարակություն