Ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են մինչև լուսաբաց

 

Դեկտեմբերի 6-ի երեկոյան  մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և ողջ գիշեր շարունակվել են փողոցների և մայթերի, ավելի ուշ նաև դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհների ձյան մաքրման աշխատանքները:

 

«Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների և համատիրությունների աշխատակիցները: Համեմատաբար ավելի առատ տեղումներ են եղել մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում: 

Ձնամաքրմանը զուգահեռ իրականացվել են նաև փողոցներն աղի և ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներ՝ մերկասառույցի հնարավոր առաջացումը կանխելու նպատակով: Վերոնշյալ բոլոր աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց: 

Գործընթացը տեղերում վերահսկել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ ընդհանուր աշխատանքների համակարգումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության ու հատուկ օպերատիվ շտաբի կողմից:

 

 

07.12.17 | քաղաքականություն