Ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ կարողացաք այդքան ձայն ապահովել. Բաղդասարյանը՝ Փաշինյանին.aysor.am

aysor.am. 2018-ի բյուջեն ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իրատեսական և կայունացման բյուջե է համարում:

«Չափազանցված թվեր ու տողեր չկան այս բյուջեում: Բյուջեի վրա ճիշտ աշխատելու դեպքում կարող ենք հասնել այն նպատակին, որը հետապնդում է կառավարությունը», — ասաց Բաղդասարյանը՝ խորհրդարանում բյուջեի լրամշակված ու վերջնական տարբերակի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթի ժամանակ:

Վահրամ Բաղդասարյանը նաև անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում մեծամասնությունը ձևավորվել է ընտրակաշառքի արդյունքում: Բաղդասարյանը կոչ արեց բյուջեի քննարկման ժամանակ նման հայտարարություններ չանել՝ ընդգծելով, որ դրանք, ըստ տրամաբանության, պետք է արվեն նախընտրական կամ հետընտրական շրջանում:

«Խնդրում եմ՝ բոլորդ մոնիթորինգ արեք, թե ում ռեսուրսներն ինչքան էին, և որտեղից էին դրանք: Եթե դուք խոսում եք իշխանության ռեսուրսների մասին, ապա ասեք՝ ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ կարողացաք այդքան ձայն ապահովել», — ասաց նա:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, որ ներդրումները փուչիկ էին և իրական ներդրումներ չեն եղել, Բաղդասարյանն ընդգծեց.

«Ինձ թվում է, որ որևէ բան չի խանգարում մեր երկրի զարգացմանը: Որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում: Եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը, կարող է 15 միլիարդի ներդրում կատարել, և իշխանութունը պարտավորվում է, որ այդ վերահսկողությունը ստանձնեն ընդդիմադիրները»:

 

06.12.17 | քաղաքականություն