ՀՔԱՎ: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հարցմանը ոստիկանությունը ոչ թե կեղծ տեղեկատվություն է տրամադրել, այլ ընդամենը գրության մեջ մոռացել է նշել «ՔՀԳՎ» հապավումը. Դատախազությունը «պարզաբանում է»

«Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն (ՕՀՄ) անցկացվել է օրենքի շրջանակներում». այսպիսի դիրքորոշում է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը՝ դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած բողոքը մերժելու մասին՝ 2017 թ. հոկտեմբերի 16-ի որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Մ. Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու որոշումը դատարանը կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա և հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Մինչդեռ վերոնշյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է իրականացվել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, և անհրաժեշտ տեղեկատվությունը ուրիշ որևէ միջոցով ստանալ հնարավոր չէ:

 

Ավելին՝ իր նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացված լինելու վերաբերյալ Մ. Պողոսյանի հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե մինչ հարցման պահը՝ 2017 թ. օգոստոսի 17-ը, նման գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել՝ տրամադրելով ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Մ. Պողոսյանն այդ մասին իմացել է ավելի ուշ՝ իր դեմ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թ. օգոստոսին:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն բողոք էր ներկայացրել Մ. Պողոսյանի նկատմամբ ապօրինի «Ներքին դիտում» ՕՀՄ իրականացանելու և դրա վերաբերյալ հարցմանը կեղծ պատասխան տրամադրելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու ՀՀ ՀՔԾ՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշման դեմ: 

 

Դրանով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը հանցակազմ չէր տեսել ինչպես ոստիկանների գործողություններում, այնպես էլ հաղորդում ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գործողություններում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության հիմքով:

 

Դատախազին ուղղված բողոքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դա որակել էր որպես իրավապաշտպանի վրա ճնշում գործադրելու միջոց, որպեսզի վերջինս խուսափի հանցագործության մասին բարձրաձայնելուց:

 

Ա. Սաքունցի բողոքը մերժելու մասին որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը վերահաստատել է ՀՔԾ քննիչ Գ. Մարգարյանի այն պնդումը, թե «կասկածվում է» և «կասկածյալ» եզույթները նույնը չեն: Նրա պնդմամբ՝ վերջինը առաջինի մասնավոր դրսևորումն է միայն: Եվ անձը կարող է կասկածվել հանցագործություն կատարելու մեջ, սակայն «կասկածյալի» դատավարական կարգավիճակ չունենալ:

 

Ուշագրավ է այն, որ ՕՀՄ իրականացված լինելու մասին Մ. Պողոսյանին ՀՀ Ոստիկանությունից կեղծ տեղեկատվություն տրամադրելը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը մեկնաբանել է տեղի ունեցած վրիպակով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

26.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն