Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը 2017-ին հնարավոր է Հայաստան այցելի. Exclusive NEWS.am STYLE

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն աշխատում է աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչին Հայաստան բերելու ուղղությամբ: Սմբատյանը հոկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում, իսկ հոկտեմբերի 26-ին Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում ղեկավարել է «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը։

Աշխարհահռչակ դերասանը ներկայացրել է Էռնեստո Սաբատոյի և Պաբլո Ներուդայի ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի և Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ։ Համերգային ծրագիրն անցկացվել է հետաքրքիր ձևաչափով՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։ Սմբատյանն առաջին անգամ չէ համագործակցում ճանաչված դերասանի հետ և ցանկանում է, որ հաջորդ համատեղ համերգը լինի հենց Հայաստանում: Ի դեպ, դիրիժորի խոսքով, ճանաչված դերասանը ևս նման ցանկություն ունի:

Սերգեյ, Դուք վերջերս Արգենտինայում համերգներ ունեցաք Ջոն Մալկովիչի հետ: Ինչպե՞ս են անցել համերգները:

-Ջոն Մալկովիչն աշխարհի լավագույն դերասաններից է, և իր հետ բեմում գտնվելն արդեն շատ հետաքրքիր է: Պետք է ասեմ, որ նա բացառիկ տաղանդի տեր մարդ է: Երբ բեմում նրա հետ ես, հասկանում ես, որ նրա հաջողության գրավականներից է նաև իր ունեցած էներգետիկ դաշտը: Այն արժեքները, որոնք նա կրում է իր մեջ, ոչ ստանդարտ են: Մալկովիչը շատ լավ ծանոթ է գրականությանը, այդ թվում՝ հայ գրողների գործերին: Շատ տպավորիչ է: Մեծ դերասանի հաջողության գրավականը  նաև այն էներգետիկան է, որը նա պատրաստ է տալ հանդիսատեսին: Ես շփվել եմ շատ աստղերի հետ, բայց կարծում եմ, որ Ջոնը բացառիկ անհատ է: Նա շատ զբաղված մարդ է, բայց մենք պետք է մտածենք այն մասին, որ նա Հայաստանում համերգով հանդես գա:

-Ե՞րբ եք նախատեսում Մալկովիչին Հայաստան բերել:

-Հաջորդ տարի: Մալկովիչը շատ խիտ գրաֆիկ ունի: Շքեղություն է, երբ մարդը կարողանում է այցելել իր ցանկացած երկրները. Հայաստանն այդ ցուցակում է: Մալկովիչը շատ լավ գիտի հայոց պատմություն, շատ լավ գիտի Նարեկացուն, մասնավորապես՝ «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը: Գիտի, թե ինչ կոմպոզիտորներ են անդրադարձել այդ գործին: Չեք պատկերացնում, թե ինչքա՜ն բան գիտի: Ես ապշած էի: Սովորաբար օտարերկրացու հետ շփվելիս ծանոթացնում ես նրան մեր երկրին, գրողներին: Երբ խոսում էինք Նարեկացու մասին, ես հասկացա, որ նա ամեն ինչ գիտի բանաստեղծի մասին: Մինչև 2017 թվականի աշուն ցանկանում եմ նրան Հայաստան բերել:

-Մալկովիչն արդեն Հայաստան գալու համաձայնություն տվե՞լ է:

-Միանշանակ: Հայաստան գալու մեծ ցանկություն ունի: Շատ է ցանկանում Մատենադարան այցելել, որովհետև գրքերի մեծ երկրպագու է: Մեզ պետք են մարդիկ, ովքեր կգան Հայաստան և կտանեն այստեղից գիտելիքներ՝ դրանք հասցնելու ամբողջ աշխարհին: Ջոնն այդ մարդկանցից է:

-Նույն՝ «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագիրն եք ցանկանում ներկայացնել Հայաստանում:

-Նաև այդ ծրագիրը:

-Առաջիկայում այդ համերգային ծրագրով Մալկովիչի հետ ո՞ր երկրներում եք հանդես գալու:

-2017-ին նախատեսել ենք ավելի քան15 համերգ ունենալ աշխարհի տարբեր երկրներում՝ մասնավորապես Եվրոպայում, Ասիայում, Բրազիլիայում: Կրկնում եմ, որ պետք է կարողանանք մի քանի օր էլ գտնել, որ նա գա Հայաստան:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները տրամադրել է Սերգեյ Սմբատյանի մամլո ծառայությունը 

 

04.11.16 | հասարակություն | աստղերը