ՀՀ փաստաբանների պալատը համալրվեց նոր փաստաբաններով

 





 

ՀՀ փաստաբանական դպրոցի 61 շրջանավարտ նոյեմբերի 25-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Փաստաբանական դպրոց ընդունվող յուրաքանչյուր ունկնդրի հետ Փաստաբանների պալատը մեծ հույսեր է կապում: Մեր ոլորտում նոր հայացքով և թարմ մոտեցումներով, ասելիք ունեցող փաստաբանը ոչ միայն համայնքի, ոլորտի ձեռքբերումն է, այլև կարևոր օղակ է արդարության բացահայտման և արդարադատության իրականացման համար: 

 

Մեր հանրապետությունը բոլոր ոլորտներում ունի պրոֆեսիոնալ մասնագետների կարիք, մարդիկ, որոնք իրենց հայրենասիրությամբ, ջանասիրությամբ և մասնագիտական բարեխղճությամբ պատրաստ են դեպի լավը փոխել իրավիճակը: Ձեր համարձակությունից, ստեղծագործական մոտեցումից և կատարելագործման ձգտումից մարդկային ճակատագրեր են կախված լինելու:» Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրինությանը, և աշխատակազմին, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին, Փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները: 

Պալատի նախագահը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ ապագայում արդեն վերապատրաստման շրջանակներում որպես գործընկերներ են հանդիպելու: Նա մաղթել է բեղմնավոր աշխատանք բոլորին: 

Խորհրդի անդամ, նախագահի տեղակալ Կարեն Մեժլումյանը խորհուրդ է տվել վստահորդի շահը վեր դասել սեփական շահից, նրանց հետ լինել ազնիվ: Նա հիշել է, որ ժամանակին իր փաստաբանական գործունեության մեկնարկին խորհուրդ է ստացել պահելու առաջին հոնորարը, դժգոհության դեպքում վստահորդին վերադարձնելու համար: Խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը շնորհավորել է նոր գործընկերներին՝ հորդորելով փաստաբանությանը մեծ նշանակություն տալ և իմիջիայլոց չմոտենալ ու դրան չնայել որպես երկրորդ գործի:

Խորհրդի անդամ Արա Ղազարյանը հատկանշական է համարել, որ նոր փաստաբաններին արտոնագիր է հանձնվում ՀՀ-ԵՄ՝ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը: Նա նշել է, որ այս համաձայնագիրը նոր հորիզոններ է նախանշելու փաստաբանների համար:

Տարոն Սիմոնյանը կիսվել է իր համար սկզբունքային դարձած արժեքներով, նշելով, որ իմաստ չունի այն իրավունքը, որ մարդ ինքը չի նվաճում, անիմաստ է այն արդարությունը, որն ըստ էության իր ներսում չի բովանդակում իրավունքի արվեստը, ինքնանպատակ է այն ազատությունը, որը նպատակ չունի ընդարձակելու այլոց հորիզոնները: Նա նշել է, որ նոր փաստաբանները պետք է կերտեն այնպիսի անհատականություն, որ պատրաստ լինեն մարտի նետվելու հանուն արժեքակիր իրավունքի, իմաստակիր արդարության հորիզոն ընդարձակող ազնվության: 

Նոր փաստաբանների անունից շնորհակալական խոսք է ասել Փաստաբանական դպրոցի շրջանավարտ Նարեկ Սամսոնյանը:

Արտոնագրերը հանձնելուց առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված և տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ և վստահորդներ ձեռք բերել: Նա նշել է, որ նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաև, որ նրանք սպասարկեն անվճարունակ քաղաքացիներին:

 

 

ՀՀ ՓՊ  մամուլի կենտրոն

 

27.11.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ