ՀՀ ՍԱՊԾ տեսուչները ադրբեջանական կոնֆետները հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարում խանութներ․ «Արմենպրես»

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչները շրջայցեր են կատարում խանութներ` հայտնաբերելու ադրբեջանական արտադրության կոնֆետ:

 

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

 

«Առավոտ» թերթում հրապարակվել է տեղեկություն, ըստ որի՝ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որը հին ու տհաճ համ է ունեցել: Քաղցրավենիքի վրա փնտրել է արտադրողին ու խոշորացույցով վերծանել գրություն`«Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան։

 

Նվարդ Առաքելյանն ասաց, որ իրենք այս մասին ահազանգ չեն ստացել, բայց գնացել են հրապարակման հետքերով, կապ են հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն, որտեղից ձեռք է բերվել նշյալ կոնֆետը: «Տեսուչները շրջայցեր են կատարում խանութներ, ուսումնասիրություններից հետո լրացուցիչ կհայտնենք արդյունքների մասին»,-ասաց Նվարդ Առաքելյանը:

06.12.17 | քաղաքականություն