ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մարզային վարչության և բաժինների պետեր է նշանակել

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գրիգորյանը։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նա նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արման Ղազարյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Բազումի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Մասիսի բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, ով ազատվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պետի պաշտոնից։

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արա Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։

11.10.16 | հասարակություն