ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր (տեսանյութ)

ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիրը: Կառավարության անունից հուշագիրը ստորագրելու լիազորությունը տրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հուշագիրը ստորագրեցին նախարար Վահան Մարտիրոսյանն ու «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

 





Փաստաթղթի համաձայն` պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ, որոնք կնպաստեն երկրի տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը:

 

Հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում ՏՀՏ ոլորտում, այն տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է, այս հուշագիրը կնպաստի Հայաստանի` միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելուն, ինչպես նաև ներդրումների խթանմանը:

 

Ներկայացուցչական գրասենյակների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաններում, անհատույց կտրամադրի գրասենյակային տարածք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսական հիմնարկներում:

 

Ընկերությունն էլ իր հերթին պարտավորվում է ապահովել ներկայացուցչական գրասենյակների աշխատակիցների աշխատավարձի, վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության և այլ ընթացիկ ծախսերը ամբողջ ծավալով:

 

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում մասնավորի կողմից:

 

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

24.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն