ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ` պտղատու այգիների մշակման, արտադրության ու իրացման աշխատանքներին հետևելու նպատակով:

Նախարարի այցի առաջին կանգառը Պտղավան համայնքում էր, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է «Հայկական միրգ» ընկերության կողմից հիմնված նեկտարինի այգիներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Տավուշի մարզի Արճիս, Պտղավան և Դեբետավան համայնքներում հիմնվել են 24 հեկտար դեղձենու, նեկտարինի, կեռասենու, ընկուզենու և սալորենու այգիներ:

Երկու տարի առաջ «Հայկական միրգ» ընկերությունը ֆերմեր Սպարտակ Ղազարյանին պատկանող հողատարածքում հիմնել է մոտ 4.5 հեկտար նեկտարինի և դեղձենու այգիներ։ Ծրագրի միջոցներով Իտալիայից ներկրվել են տնկիներ, ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ, շուտով այգիներում կտեղադրվի նաև հակակարկտային ցանց: Ֆերմերը ծրագրի արդյունքներից գոհ է, այգիները ինտենսիվ են, ուստի արդեն հեկտարից մինչև 5 տոննա բերք է ակնկալում:

Տեղում Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղապետերի հետ քննարկվել են նաև դեղձի և խաղողի մթերմանն առնչվող հարցեր: Նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրել է, որ մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

«Այս տարի Տավուշի մարզում դեղձի բարձր բերք է սպասվում, իսկ խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ 20-25 տոկոսով ավել կլինի»,- նշել է իր խոսքում նախարարը: Անդրադառնալով մթերման գնին` նախարարը նշել է, որ նախարարությունը կհետևի, որպեսզի գները խելամիտ լինեն և երկուստեք շահավետ։
Այնուհետև նախարարն այցելել է նաև Բագրատաշեն համայնքում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հիմնված «Վիվա ֆրուիտ» ՍՊԸ-ի չրի արտադրամաս, որտեղ դեղձի, սև սալորի, տանձի, ծիրանի չրեր են պատրաստվում: Ընկերության տնօրեն Վիգեն Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք ստանում են էկոլոգիապես մաքուր արտադրանք, որը հիմնականում արտահանվում է Ռուսաստան:

Սերգո Կարապետյանը եղել է նաև մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող 55 հեկտար տարածքով ձիթենու այգիներում, որոնք հիմնվել են դեռևս 1960-ական թվականների կեսերին: Այստեղ ֆերմեր Տիգրան Բեջանյանը տեղեկացրել է, որ իրենք մշակում են 4 տեսակ ձիթապտուղ, այս տարի ակնկալում են 10-11 տոննա բերք ստանալ, իրացումից և իրացման գնից գոհ են։

Նախարարն այցի շրջանակում այցելել է Արճիս համայնքի ֆերմեր Արմենակ Գաբրիելյանի տնտեսություն. նա զբաղվում է դեղձենու մշակությամբ, ունի շուրջ 7000 քմ այգի, այս տարվա բերքատվությունից գոհ է:

16.07.15 | հասարակություն | քաղաքականություն