ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» միջազգային գիտաժողովը

 





 

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն»  միջազգային գիտաժողովը: Այն  նվիրված է ԽՍՀՄ-ում խորհրդանշական 1937թ-ից մեկնարկած  ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին: Գիտաժողովը մեկտեղել է խորհրդային ժամանակաշրջանի  ուսումնասիրությամբ զբաղվող  պատմաբաններին, ազգագրագետներին, սոցիոլոգներին, մշակութաբաններին, քաղաքական գործընթացների վերլուծաբաններին և բոլոր շահագրգիռ հետազոտողներին` քննարկելու Հարավային Կովկասում խորհրդային տարիների քաղաքական բռնությունները, ներկայացնելու  տվյալ ժամանակահատվածի բիրտ քաղաքանության վերաբերյալ նոր ուսումնասիրությունները:

 

Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից: Կներկայացվի 29 զեկուցում` նվիրված հետևյալ  թեմաներին`

 

Հարավային Կովկասը 1920-1953 թթ.: Հայտնի և անհայտ էջեր

Խորհրդահայ պատմագրություն. Հայաստանի խորհրդային շրջանի պատմության վերանայումը արխիվային փաստաթղթերի, բանավոր պատմությունների, այլ աղբյուրների, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շուրջ կատարված նոր ուսումնասիրությունների լույսի ներքո

1937-1938 թթ. «Մեծ տեռորը» Հարավային Կովկասի խորհրդային հանրապետություններում

 1949 թ. հայերի աքսորը Հարավային Կովկասի Խորհրդային Հանրապետություններից և Կրասնոդարի երկրամասից

Խորհրդային առօրյան քաղաքական բռնությունների պայմաններում

Ստալինիզմի շրջանի տեռորի հիշողությունը և հուշարձանացումը:

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը` Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

 

 

 

25.10.2017թ.

25.10.17 | քաղաքականություն