ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի ընթացքը

 

   ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը  հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի/UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին և  հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ  Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան  ստորաբաժանումների պատասխանատուներ։

   Ա․Ղարաբեգյանը ողջունել է հյուրերին, կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի իրականացումը Հայաստանում։

 

   Մանկական հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակի  ներկայացուցիչ Ն․Մոլինոն ներկայացրել է տարբեր երկրների հետ տարվող ծրագրային  աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող հետազոտություններն  ու  վերլուծությունները։

«Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի նպատակն է  ՄԱԿ-ի մանկական  հիմնադրամի բոլոր ծրագրերում  ներառել բնապահպանական գործոնները և էկոկրթական միջոցառումները։

   Փորձագետն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ երեխաների առողջական, սոցիալական խնդիրների լուծման և էկոկրթության գործընթացների բարելավման ուղիներ մշակել։ Նա նշել է, որ երեխաների բնապահպանական  խնդիրների գիտակցմամբ և ընկալումով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի շրջակա միջավայրի բարելավումը։

 

25.10.17 | քաղաքականություն