«ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման» տեխնիկական բնութագիրը ներկայացվել է կառավարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ներկայացվել է «ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման»  տեխնիկական բնութագիրը: Դրանում նկարագրված են համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև կատարվելիք աշխատանքներն ըստ փուլերի: Զեկուցվել է, որ բնութագիրը մշակվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի  շահառու հանդիսացող մի շարք պետական կառավարման մարմինների ու գծային ենթակառուցվածքները տնօրինող  ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումների, ինչպես նաև ստեղծված աշխատանքային խմբերի մասնագիտական քննարկումների արդյունքում: 

 










Բնութագրի ներկայացումից հետո խորհրդակցությանը ներկա շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և դիտարկումներով, որոնք լրացուցիչ կքննարկվեն աշխատանքային խմբերի շրջանակում և ըստ անհրաժեշտության կընդունվեն:  

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկել է վերոնշյալ բնութագրի հիման վրա կազմակերպել միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել  նման համակարգերի մշակման և ներդրման միջազգային փորձ ունեցող կազմակերպությունները: Հաղթող կազմակերպությունը կկազմի ԵՏՀ-ի մշակման և ներդրման տեխնիկական առաջադրանքը ու կիրականացնի ծրագրի ընդհանուր տեխնիկական հսկողությունը: Առաջակվել է նաև ԵՏՀ մշակումը և ներդրումը սկսել Երևան քաղաքից, զարգացնել կոմիտեի գեոպորտալի հնարավորությունները՝ ստեղծելով գծային ենթակառուցվածքների համար առանձին շերտեր, դրանցում ներբեռնել ԿՊԿ-ի կողմից արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալները, գծային ենթակառուցվածքները տնօրինող  կազմակերպությունների համար ստեղծել առցանց դիտման հնարավորություն:

Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, վարչապետ Կարապետյանը կարևորել է բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրումը և հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել քննարկմանը ներկայացված առաջարկությունները և աշխատանքների արդյունքները ներկայացնել կառավարություն:   

 

 

 

 

 

 

 

27.02.17 | քաղաքականություն | սպորտ