ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց արտակարգ իրավիճակներում համագործակցության պլանը

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը: Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա: 

 

Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ա.Միխեևի կողմից:

 

Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել բնական և մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում և արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում: 

 

Անդրադառնալով Համագործակցության պլանի բովանդակությանը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը և համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են: 

Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն: 

12.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն