Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը և ազդում են մարդկանց առողջության վրա՝ լուրջ վնաս հասցնելով շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին:

 

Վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ: Օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, սակայն հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային և բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:

 

Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է.

• Խարույկ վառել. խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով

• Նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ

• Որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր

• Ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում

• Շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ

• Ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում

• Կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ)

• Արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ

• Թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):

 

Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները

Եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել՝ ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը՝ կարելի է հեռանալ, երբ վստահ եք, որ կրակը նորից չի բորբոքվի:

 

Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ վայր (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ վայր՝ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը: 

 

Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: 

 

Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին:

 

Հիշեք, որ անտառներում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

 

08.08.17 | քաղաքականություն | մոդա