ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին: 

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության եւ հեղինակության բարձրացման կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ անվտանգության մասին խոսելիս պիտի հաշվի առնել թե՛ արտաքին, թե՛ ներքին գործոնները եւ օժանդակել, որպեսզի մասնակից երկրները գիտակցեն կազմակերպության նշանակությունն անվտանգության պահպանման հարցում: Արա Բաբլոյանը նշել է. «Չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել խաղաղ ճանապարհով, պետք է քաղաքական կամք ու երկխոսելու ցանկություն, եւ ամենաբարդ հարցերն անգամ լուծումներ կստանան»: 

 





ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համաձայնեցված քայլերը, կառուցողական մոտեցումներն ու միջազգային հարթակներում համագործակցելու անհրաժեշտությունը: 

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է. «ԼՂ հիմնահարցը պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից. չէ՞ որ ամեն ինչի կենտրոնում մարդն է՝ անկախ ազգությունից եւ կրոնից»: 

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել իրենց դիտարկումները՝ կազմակերպության գործունեության, մասնակից երկրների միջեւ համագործակցության եւ իրենց համար օրակարգային հարցերին ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ: 

Արա Բաբլոյանը պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նոր ձեռքբերումներ: 

 

29.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն