ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ալբերտ Մկրտչյանին:

 

Ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Այն ֆիլմերը, որոնց ռեժիսորը, սցենարի հեղինակը Դուք եք, աչքի են ընկնում յուրահատուկ լուծումներով, նուրբ հոգեբանությամբ ու դերասանական տպավորիչ կազմով եւ հանդիսատեսի կողմից գնահատվում են  արժանիորեն: Դրանք գալիս են մարդկանցից եւ գնում դեպի մարդիկ, ծնվել են զգացմունքներից ու զգացմունքներ են առաջացնում, սերմանում են սեր գեղեցիկի ու արվեստի հանդեպ:

 

«Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Խոշոր շահում»-ը եւ մյուս իսկապես մնայուն ֆիլմերը դիտել են ու շարունակում են դիտել բազմաթիվ մարդիկ՝ անկախ տարիքից»:

 

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:

27.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն