Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հին ու նոր սերունդ, կամ ո՞ր պաղպաղակն է ավելի քաղցր

Այսօր մեր ծնողների, տատիկների և պապիկների սերունդները շատ հաճախ են հիացմունքով  հիշում և գովերգում իրենց երջանիկ սովետական մանկությունը, երբ դեռ չկային համակարգիչներ և բջջային հեռախեսներ, միայն երեք հեռուստաալիք էր ցուցադրվում, մարդիկ ավելի բարի էին, արևն՝ ավելի պայծառ, իսկ պաղպաղակն՝ ավելի քաղցր։ Այո, սովետական լավ ժամանակներ էին։ Սակայն քանի մարդու կյանք խորտակեց այդ շինծու «թիմային ոգին» և այն բարքերը, որոնք մեր գլուխն էին մտցնում դեռ մանկապարտեզից։

Մենք հիշում ենք այն մանկությունը, որը տվել են մեզ մեր ծնողները, իսկ նրանց տվածը՝ պետության կողմից պարտադրված մի համակարգ էր։ Մի խոսքով, մեզ բոլորիս դիմակավորեցին։  Ամեն դարաշրջանն իր դիմակներն ունի, որոնք նախագծված և մշակված են ամենագետ հասարակության կողմից։ Մենք հիմա ենք հասկանում, որ հեռավոր սովետական ժամանակների դաստիարակության նպատակն էր հասարակությունը դիմազրկել՝ թիմային ոգու և համընդհանուր  հավասարության ճնշման ներքո։ Առանց դիմակի անձը, որն ապրում էր միայն իր համար, վտանգավոր էր հասարակության համար, որովհետև հետևում էր իր ցանկություններին, ոչ թե հասարակության։

Անկախության հռչակումն իր ուրույն կերպով դիմակներից ազատվել էր նշանակում, այսինքն ՝ խոսքի, գործողությունների, ընտրության, ցանկությունների ազատություն։ Արդյո՞ք այդ փաստը չէր, որ  դարձավ մեր մեծերի շփոթմունքի պատճառը։ Պետության կողմից պարտադրված նախագծով դաստիարակված, արդեն կազմավորված բնավորություն և դասակարգված կյանք ունեցող, իրենց կյանքի մեծ մասն ապրած մեր ծնողները հանկարծակի տեսան ազատությունը։ Եվ ինչպե՞ս պիտի ապրեր այն մարդը, որին մանկուց սովորեցրել են, որ լավ արարքները պարգևատրվում են, իսկ վատերի համար հասարակությունը կամ համայնքը նրան կքարկոծի։ Չէ՞ որ սովետական դաստիարակությունը կառուցվում էր մարդկային հարաբերությունների իդեալականցման սկզբունքով։ Ազատությունը նաև նշանակում էր զգացմունքների ազատություն։ Եվ մարդը անզոր է զգայական պատնեշի առջև, որովհետև նրան մանկուց սովորեցնում էին, որ նեղսրտել, բարկանալ, լաց լինել և նախանձելն անընդունելի է։ Իսկ եթե դու այնուամենայնիվ նեղացել ես կամ նախանձում ես ինչ-որ մեկին, նշանակում է, որ ամբողջ կյանքում պիտի ատե՞ս ինքդ քեզ քո թուլության համար։ Արգելքներն իրականում դեռ ոչ մեկին չեն օգնել լուծել որևէ խնդիր՝ հատկապես զգայական։ Այսօր շատերը հասկանում են, որ այն ինչ մեր ներսում է, մերն է՝ և լավը, և վատը։ Մենք ազատություն  ենք տալիս մեր զգացմունքներին, որպեսզի ազատվենք թե բարկությունից, թե նախանձից։  Միևնույն ժամանակ կիսում ենք մեր ուրախությունը, երջանկությունը, հուզմունքմերը՝ չվախենալով քննադատությունից․․․Եվ միայն այս ճանապարհն անցնելով կարող ենք հասնել դրական արդյունքի, և սա էլ է դիմակներից ազատվելու մի յուրօրինակ գործընթաց։

Բոլոր սերունդները զարգանում են այն դարաշարջանում, որում ապրում են, իսկ սերունդների միջեւ կոնֆլկտներ միշտ են եղել։ Մարդկությունն այնպես է կազմավորված, որ դժվարությամբ է ընդունում նորը կամ ընդհանրապես հրաժարվում է ընդունել և մնում է անցյալում։ Սակայն անցյալի կարոտը՝ մի բան է, իսկ առաջ գնալու դժկամությունը՝ բացարձակ այլ։

Մարդկային քաղաքակրթությունը դարեր շարունակ փոփոխությունների է ենթարկվել և հիմա էլ չի դոփում նույն տեղում։ Սերունդների մտածելակերպի  մինչև ընկած անդունդը միշտ էլ զգալի է եղել։ Բայց անցյալ սերնդի ներկայացուցիչները պնդում են, որ յուրաքանչյուր հաջորդող սերունդ նախորդից տգետ է և անբարոյական։ Արդյո՞ք դա այդպես է։

Այսօր ընտրության հնարավորություն ունեն բոլորը, դա վերաբերվում է և ճաշակին, և ընկերների ու սիրելիի ընտրությանը, և ապրելակերպին, և ամենակարևորը ՝ այսօր բոլորն ունեն բուհ-ի, սիրած մասնագիտության ընտրության հնարավորություն։ Մի՞թե դա վատ է։ Ժամանակակից երիտասարդությունը հստակ գիտակցում է, թե ինչ է ուզում, և շատ կարևոր մի փաստ՝ նրանք ուզում են ապրել այստեղ և հիմա, նրանք կուշտ են խոստումներից։

Պատմությունն ապացուցում է , որ ուրիշների սխալների վրա սովորելը դրական արդյունք է տալիս, և այսօր ծնողների մեծ մասը, հաշվի առնելով իրենց մեծերի սխալները, ուշադրություն են դարձնում նաև իրենց երեխաների ցանկություններին․ խոսքս խելամիտ ցանկությունների և գիտակից ծնողների մասին է։ Այսօր հենց իրենց շահերը պաշտպանողներն են հասնում հաջողությունների։ Միայն հօգուտ համայնքի ապրելը նշանակում է վերածվել մի մարդու, որին հետագայում բոլորը կօգտագործեն՝ սկզբում դպրոցում, համալսարանում, բանակում, իսկ հետո՝ աշխատավայրում։

Փոխվում է աշխարհը, փոխվում են նաև երեխաները։  Ժամանակակից երեխաները մեծանում ու սովորում  են ընկալելու շնորհիվ, այլ ոչ թե վախի, որի մեջ մեծանում էին մեզանից շատերը։  Դաստիարակության հին մեթոդները, ինչպիսիք են ապտակը, բղավոցը, վախը, այլևս չեն օգնում վերահսկողության հարցում, այլ ի սպառ վերացնում են լսելու և համագործակցելու ցանկությունը, և ամենակարևորը՝ փակում են մեծերի հետ զգայական փոխազդեցության և շփման ճանապարհը։

Այնպիսի տպավորություն է, որ ամեն հաջորդ սերունդ փորձում է ավելի համբերատար լինել․ նա ընդունում է մարդկանց՝ անկախ ազգից, կարգավիճակից, տեսքից, ճաշակից, կողմնորոշումներից․․․

Չափազանց վտանգավոր էր ազատություն տալ ժողովրդին, որը կյանքի կեսն ապրել է վանդակում։  Ոչ մեկը չէր վերահսկում տրվող ազատության չափաբաժինը։ Եվ ազատություն ստանալուց հետո հասրակության մի մասը օգտվեց դրանից՝ որպես իր բոլոր վատ հատկանիշները և ցանկությունները կիրառելու հնարավորություն, որը ժամանակին օգտագործել չէր կարելի։ Իհարկե, ահավոր է, երբ դավաճանությունն ու գռեհկությունը այսօր շատերը համարում են կամքի ուժ և խոսքի ազատություն, երբ չեն տարբերում հպարտությունն ու ամբարտավանությունը․․․Այս ամենը մեր հանկարծակի ազատության հետևանքն է, և տեխնոլոգիաների առաջընթացը չէ մեղավոր, որ սերունդը «վատն է», այլ մենք ենք շփոթված և չգիտենք՝ որն է լավն ու վատը։ 35-45 տարեկանների սերունդը ուղղակի չգիտի, թե որն է այսօր ճիշտ, և որն է սխալ․ մի կողմից ծնողների պարտադրած սովետական դաստիարակությունը, մյուս կողմից՝ երեխաները, որոնց անչափ սիրում ենք և ամենալավն ենք ցանկանում։ Միգուցե արժե ուղղակի վստահել նրանց և օգնել ամեն հարցում, այլ ոչ թե հիշել, որ մեր մանկությունն ավելի լավն էր, արևն՝ ավելի պայծառ, իսկ պաղպաղակն՝ ավելի քաղցր։ Անցյալն անցել է, ապագան դեռ չի եկել․ կա ներկա, այն այստեղ է և հիմա։ Կա հին և նոր սերունդ, որոնց կարծիքները երբեք չեն համընկնի։ Կա պաղպաղակ, որն, իմիջիայլոց, ոչինչով չի զիջում սովետականին, ուղղակի հաճույքով է պետք այն ուտել։

 

Եվա Նավասարդյան

30.09.15 | հասարակություն