Հարձակում «Դիլիջան ազգային պարկ»-ի «Պարզ լիճ» տեղամասի հենակետի վրա. ծեծի է ենթարկվել 21-ամյա աշխատակիցը.shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 22։00-ի սահմաններում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ-առևտրային կազմակերպության «Պարզ լիճ» կոչվող տեղամասում տեղակայված «Պանտերա Սեքյուրիթի» պահնորդական ՍՊԸ-ին պատկանող անշարժ հենակետի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք հարձակվել են այնտեղ ծառայություն իրականացնող աշխատակիցների վրա, ինչի հետևանքով Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Արթուր Քոքոբելյանը մարմնական վնասվածքներ է ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են վիճաբանողների շրջանակը և Ա. Քոքոբելյանին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը. նա Հաղարծին գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Բաբինյանն է, ով ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, առավոտյան 05։00-ի սահմաններում կամավոր ներկայացել է Դիլիջանի Ոստիկանություն։ Փաստի առթիվ Ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ա. Քոքոբելյանին տրվել է դատաբժշի ուղեգիր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 

28.10.17 | քաղաքականություն