Հասարակական և պետական ոլորտի գործընկերների հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի հիմնախնդիրներն ու անելիքները

 

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին շահագրգիռ մի շարք կառույցների ներկայացուցիչների  հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ամփոփվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլենար նիստում Հայաստանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում գրանցած առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը: 

 

Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և Արդարադատության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ ներկայիս ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:

Արդարադատության նախարարի տեղակալը, անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված մեխանիզմներին, դրանցից առանձնացրել է էլեկտրոնային գործիքները և նշել, որ արդեն իսկ գործարկվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am , ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի www.e-hotline.am կայքերը:  

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև հարցումների առցանց համակարգ ստեղծելու նոր ծրագրի մանրամասները:  

Նշենք, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցներ, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիա, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն»,  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

29.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն