Հանրային արշավ՝ ուղղված երեխաների հանդեպ բռնության վերացմանը.ԱՆ

 

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է Բռնությունը փոխարինենք սիրով երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա հանրային արշավի մեկնարկին, որը տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի թանգարանում: 

Միջոցառումը կազմակերպել էր «Վորլդ Վիժն Հայաստան» հասարակական կազմակերպությունը. նախաձեռնությանը միացել են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան տասը հասարակական կազմակերպություններ:

 

Սուրեն Քրմոյանն արդարադատության նախարարի ողջույնը փոխանցելով ներկաներին՝ կարևորել է միջոցառման նախաձեռնումը երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում: Նախարարի տեղակալը նշել է, որ Կառավարության ծրագրի համապատասխան բաժիններում ամրագրված է երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջիկա միջոցառումների իրականացումը, այնուհետև ներկայացրել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությունը, որում ներգրավված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները պարբերաբար քննարկում և լուծումներ են առաջարկում իրավապահ համակարգի հետ առնչություն ունեցող անչափահասների խնդիրներին: Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը հավելել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց նկատմամբ բռնության կանխարգելումը՝ պատրաստակամ է համագործակցելու և աջակցելու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին բոլոր հարթակներում: 

 

 

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

26.09.17 | քաղաքականություն