Հանձնարարվել է հսկողություն սահմանել ու բացառել պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների գործունեությունը

 

 

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: 

 

Մասնավորապես, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ավարտվել են ջեռուցման համակարգերի փորձարկումները, և ապահովված է  դրանց  անխափան շահագործումը:

Անդրադառնալով մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ հսկողություն սահմանել ու բացառել պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների ու տաղավարների գործունեությունը:  

Միաժամանակ հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալներն աշխատանքները կազմակերպեն բացառապես իրենց հատկացված տարածքներում:

Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ  նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոյեմբերի 11-ին կայանալիք համաքաղաքային ծառատունկն ու շաբաթօրյակը պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև այդ նպատակով բնակչության իրազեկման և ներգրավման ուղղությամբ: 

Կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում են ներքին շաբաթօրյակները, ինչի հետ կապված էլ հանձնարարվել է սանմաքրման աշխատանքներն իրականացնել ոչ միայն վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, այլև երկրորդական փողոցներում, այգիներում և բակային տարածքներում։ 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքում սկսել նաև աշնանային էտի գործընթացը՝ ցուցաբերելով մասնագիտական մոտեցում, և այդ աշխատանքների վերաբերյալ նախապես իրազեկել համաքաղաքացիներին:

 

30.10.17 | քաղաքականություն