Հայ-վրացական փոխըմբռնման հուշագիր սննդամթերքի ոլորտում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին փետրվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին:

 






Երկու կողմերն էլ գնահատել են հուշագրի ստորագրումը որպես լուրջ քայլ միջազգային չափորոշիչների ներդրման, ինչպես նաև, տեղեկատվության և փորձի փոխանակման բնագավառներում:

Երկուստեք կարևորվել են սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի արտահանումը դյուրինացնելու և այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու` հուշագրով ամրագրված հնարավորությունները:

Այս համագործակցությունը կամրապնդվի բուսասանիտարիայի, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչների փոխայցելություններով:

 

24.02.17 | քաղաքականություն