Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայ գործարարը մտադիր է ընդլայնել դեպի Եվրոպա արտահանվող հայկական արտադրատեսականին




Մարտի 27-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է չեխական «Foodish s.r.o.» ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանի հետ։ Ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։ Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016 թվականից «Foodish s.r.o.» ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։

 

Կարեն Սարգսյանը նշել է, որ մտադիր են մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող արտադրատեսականին, ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում և հայկական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը: Գործարարը հավելել է, որ նաև լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրեր ունեն։ 

Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնների առկայությունը Հայաստանում և Եվրոպայում հայ գործարարների համար չափազանց կարևոր է, և ավելացրել, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակել այս հարցում։ Նախարարը գործարարին է ներկայացրել Հայաստանում գործունեություն ծավալելու համար առկա աջակցության գործիքակազմը, որը կարող է խթանել և դյուրացնել բիզնեսը։ Նախարար Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ընկերության հետ՝ վերջինիս ծրագրերը իրականություն դարձնելու նպատակով։

 

27.03.17 | քաղաքականություն | քաղաքականություն