Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ կլինի թույլ տեսնող մարդկանց` համացանցից օգտվելու խնդիրներին

 

Հոկտեմբերի 2-ին Երևանում անցկացվելու է Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը՝ ArmIGF 2017, «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար» խորագրի ներքո:  

 

Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: 

 

Ըստ նրա՝ Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Ինտերնետ Կառավարման Խորհրդի կողմից, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվատական տեխնոլոգիաների նախարարության և «Ինտերնետ Հանրություն» ՀԿ աջակցությամբ:

 

Նպատակն է մեկ հարթակում միավորել ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին և քննարկել ինտերնետի աննախադեպ արագ զարգացման հետևանքով առաջացած խնդիրները և մարտահրավերները՝ առաջարկելով համապատասխան լուծումներ: 

 

«Ինտերնետ կառավարման խորհուրդը ձևավորվել է 2014 թվականին վարչապետի հրամանով. Հանձնաժողովի աշխատանքը հիմնականում կայանում է նրանում, որպեսզի ինտերնետի զարգացմամբ պայմանավորված արագ փոփոխվող աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների շուրջ կարողանանք ձևավորել հանրային կարծիք, քննարկենք այդ մոտեցումները և ներկայացնենք ՀՀ կառավարություն»,- նշեց Գ. Սաղյանը: 

 

Վերջինիս փոխանցմամբ՝ այս տարի Հայկական ինտերնետ կառավարման երրորդ համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ Ավանդական գրադարանները թվային դարում, Ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա, Տեղեկատվական անվտանգություն և կիբերանվտանգություն, Անձնական տվյալները թվային դարում, Բաց կառավարության համագործակցություն, Ամպային տեխնոլոգիաներ, Հաշմանադամների իրավունքները թվային դարում: 

 

«Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխնախագահի տեղեկացմամբ` վերոնշյալ համաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի Ինտերնետ  կառավարման համաժողովի քարտուղարը, Ինտերնետի անուններ և հասցեներ տրամադրող (ICANN) և IP հասցեներ տրամադրող եվրոպական (RIPE NCC) կազմակերպության, ինչպես նաև Ինտերնետ Հանրության եվրոպական բյուրոյի ներկայացուցիչները: 

 

Համաժողովի սեսիաները վարելու են ՀՀ հանրային ռադիոյի ղեկավար Մարկ Գրիգորյանը, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղեկալ Բորիս Դեմիրխանյանը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: 

 

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության հանրային կապերի ղեկավար Լիաննա Գալստյանն իր հերթին նշեց, որ այս տարի համաժողովը բաղկացած է լիելու երեք սեսիաներից, որոնց ընթացքում հրավիրված փորձագետները և համաժողովի մասնակիցներն իրենց կարծիքն են հայտնելու քննարկվող հարցերի շուրջ: 

 

Լ. Գալստյանի խոսքերով` սեսիաներից մեկը նվիրված է արդիական մի թեմայի` Անձնական տվյալների պաշտպանությանը, որը վարելու է ոլորտի մասնագետ Գևորգ Հայրապետյանը: 

 

«Մեզ հաջողվել է համագործակցություն ձեռք բերել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ, և նրանց հովանավորությամբ և աջակցությամբ էլ կարողանում ենք կազմակերպել այս համաժողովը»,- փաստեց նա: 

 

Բանախոսների փոխանցմամբ` առաջիկայում նախատեսում են Ինտերնետ կառավարման դպրոց կազմակերպել պետական ծառայողների համար:  

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

 

26.09.17 | քաղաքականություն