Հայկազ Բաղմանյանից հետո պաշտոնից կազատվի նաեւ Ստեփան Գալստյանը.armtimes.com

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություն եղավ. ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, հորդորով ազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Նրա պաշտոնում դեռ Սերժ Սարգսյանը չի շտապում նշանակում կատարել: armtimes.com-ի ունեցած տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակում չի լինի, այդ հաստիքը կրճատվի:

 

Նշենք, որ ԳՇ պետի տեղակալների մեջ սա առաջին փոփոխությունը չէ. մասնավորապես՝ սույն թվականի մայիսի 3-ին առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց եւ այլ պաշտոնի նշանակվեց գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հաջորդ օրը՝ Ապրիամովը նշանակվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում:

 

Մեկ ամիս անց Սերժ Սարգսյանի հրամանագրով ԳՇ պետի առաջին տեղակալ նշանակվեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Այժմ ԳՇ պետի տեղակալները երկուսն են՝ Օնիկ Գասպարյան եւ Ստեփան Գալստյան:

 

armtimes.com-ի տեղեկություններով, բացի Հայկազ Բաղմանյանից կադրային փոփոխությունների արդյունքում պաշտոնից կազատվի նաեւ Ստեփան Գալստյանը:  ԶՈւ գլխավոր շտաբի պետը կունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից 47-ամյա գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

06.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն